«Արսենալի» ֆուտբոլիստները 100-ից 500 հազար ֆունտ կստանան, եթե հաղթեն ԵԼ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

«Արսենալի» ֆուտբոլիստները մեծ բունուսներ կստանան, եթե հաղթեն Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակչում: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: Նշվում է, որ բոնուսները կտատանվեն 100-ից 500 հազար ֆունտ ստեռլինգի սահմաններում: Թե որքան կստանա խաղացողներից յուրաքանչյուրը, կախված է նրանց պայմանագրերի պայմաններից:

Ակումբը մեծ կարեւորություն է տալիս այս եզրափակչին ոչ միայն տիտղոս նվաճելու հեռանկարի համար: Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «զինագործները» չկարողացան տեղ զբաղեցնել լավագույն քառյակում ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Նրանք 70 միավորով 5-րդն էին՝ Եվրոպա լիգայի գոտում: Ստացվում է, որ ԵԼ-ում հաղթանակը նրանց միակ միջոցն է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար:

Եվրոպա լիգայի եզրափակիչը, որտեղ «Արսենալի» մրցակիցը «Չելսին» է, կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիա» մարզադաշտում: ՀՀ հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը դեռ հարցականի տակ է: Ակումբն ու ՈՒԵՖԱ-ն նրա անվտանգության հետ կապված երաշխիքների են սպասում Ադրբեջանից: