«Մենք հիասթափված ենք»․ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

Հենո

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսիի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Այդ մասին տեղեկանում ենք ֆուտբոլական ակումբի կայքէջից:

«Արսենալի» հայտարարությունում նշված է, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանի հավաքականի ավագի և նրա ընտանիքի հետ:

«Մենք հիասթափված ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Հենրիխը լինի թիմի կազմում, սակայն ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո եկանք կոլեկտիվ համաձայնության, որը նա չի մեկնի թիմի հետ:

Մենք նամակ ենք գրել ՈւԵՖԱ-ին՝ հայտնելով խորին մտահոգություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հենրիխն առանցքային խաղացող էր եզրափակիչի ճանապարհին, այնպես որ դա մեծ կորուստ է թիմային առումով:

Մենք հիասթափված ենք, որ այդպիսի խաղացողն այսպիսի հանգամանքներում բաց կթողնի եվրագավաթների եզրափակիչը, ինչը հազվադեպ է տեղի ունենում ֆուտբոլիստի կարիերայում: Մխիթարյանը կշարունակի մասնակցել մարզումներին մինչեւ Բաքու մեկնելը»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Ինստագրամի էջում ևս Հենրիխ Մխիթարյանը հաստատել է լուրը, որ չի մեկնի Բաքու։ Ֆուտբոլիստը նաև հայտնել է, որ որոշմը բարդ է տրվել։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան վստահեցրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցության հետ կապված խնդիրներ չի ունենա։

Մայիսի 10-ին ՈւԵՖԱ-ն ևս երաշխավորել էր, որ Հենրիխ Մխիթարյանին ոչինչ չի սպառնում Ադրբեջանում Եվրոպայի լիգայի եզրափակիչի ժամանակ։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Արդբեջանի սահմանապահների «սև ցուցակում» է հայտնվել Արցախ այցելելությունների պատճառով։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս