Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ, պետք է հեռանա․ Արտակ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 21, 24News

արտակ_0

Սա քաղաքական գործընթաց էր, և դեռևս չեմ շտապի գնահատականներ տալ։ Այն մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր կոչ անել արգելափակել դատարանները։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտնի հայտարարության ժամանակ ասել էր, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:

Այսօր լրագրողները Զեյնալյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս դա կարող է լինել։

Ի պատասխան նախարարն ասաց, դա դատավորի ներքին խնդիրն է ու ավելացրեց.

«Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ, կարող է հրաժարական տալ և պետք է հեռանա։ Սա սեփական կամքով որոշում կայացնելու մասին է»։

Զեյնալյանը հստակեցրեց, որ վարչապետի հայտարարությունը քաղաքական ուղերձ էր այն դատավորներին, ովքեր կհասկանան, որ իրենք մարդու իրավունքների պաշտպանության հարցում ունեցել են այլ վերաբերմունք, քան հուշում է ՀՀ Սահմանադրությունը։

Հարցին՝ ի՞նչ է կարծում, կլինե՞ն հեռացող դատավորներ, Զեյնալյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ կլինեն այդպիսի դատավորներ ևս»։

Լրագրողները նախարարին հիշեցրին նաև գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ԱԺ պատգամավոր եղած ժամանակ Արտակ Զեյնալյանի հայտարարությունների հակասությունները։ Մասնավորապես, Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։

Սակայն դեռևս պատգամավոր եղած տարիներին Արտակ Զեյնալյանը հայտարարում էր, որ ՄԻԵԴ վճիռների հիման վրա չպետք է պատժել դատավորներին, քանի որ նրանք կաշկանդված չպետք է լինեն։

«Այս բոլոր հանգամանքները գնահատման ենթակա են իրավասու մարմնի կողմից, և Հայաստանում կա օրենք, որը պետք է պահպանեն պետական պաշտոնատար անձինք ու կատարեն իրենց լիազորությունները։ Այս պահի դրությամբ կա օրենք, որի կատարման համար պատասխանատու է Արդարադատության նախարարությունը։ Ժողովրդավարական հասարակարգերում ընդունված իրավական ակտերը ենթակա են կատարման բոլորի կողմից, որովհետև դա բոլորի կամքն է արտահայտում», - արձագանքեց Զեյնալյանը։

Նկատենք, որ Արտակ Զեյնալյանն իշխող ուժի ներկայացուցիչ չէ, «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ է, իսկ այդ կուսակցությունը երեկ հանդես էր եկել Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությամբ։

«Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։ Վարչապետ  Փաշինյանն իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր և ձեռնարկում գործողություններ, որոնք ՀՀ-ն խոցելի են դարձնում միջազգային հարթակում և ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը: Չափազանց վտանգավոր ենք համարում Արցախի իշխանության հասցեին դավաճանության ու դավադրության մեղադրանք-սպառնալիքները և կոչ ենք անում վարչապետին չտրվել հույզերին», - նշված էր կուսակցության հայտարարության մեջ: