Վեթինգ իրականացվելու է բոլոր դատավորների համար և որևէ դատավոր չի թիրախավորվելու․ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

«Վեթինգ իրականացվելու է բոլոր դատավորների համար և խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ։ Այն չի թիրախավորելու որևէ դատավորի և չի հետապնդելու կոնկրետ գործով որևէ դատավորի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, «Vetting»-ի:

Զեյնալյանը նկատեց, որ Հայաստանում ներդրվող վեթինգի ինստիտուտը առաջինը չէ աշխարհում և այս պահին նման ինստիտուտ գործում է Ալբանիայում՝ եվրոպական կառույցների հորդորով։ Ամենայն հավանականությամբ, հենց ալբանական փորձն էլ կիրառվելու է Հայաստանում։ Ալբանիայում գործող վեթինգի ինստիտուտն, ըստ նախարարի, ողջունել է Վենետիկի հանձնաժողովը։

Դիտարկմանը, թե կա մտավախություն, որ ցանկացած նոր իշխանություն կարող է վեթինգի ենթարկել նախորդ իշխանության նշանակած դատավորներին, Զեյնալյանն արձագանքեց.

«Սա նախորդ իշխանության նշանակած դատավորների դեմ ուղղված քայլ չէ։ Ամեն ինչ կանենք, որ այդ մտավախությունը փարատվի մեր կողմից ներկայացվող օրենքներով»։

Նա հորդորեց չկապել անցումային արդարադատությունը վեթինգի ներդրվող ինստիտուտի հետ՝ ընդգծելով, որ դրանք տարբեր հասկացություններ են։

«Անցումային արդարադատությունը պետք է կոչված լինի հաշտեցմանը։ Սա հետապնդման, վրեժի գործիք չէ։ Անցումային արդարադատությունը չի կարելի ընկալվել որպես վրեժի գործիք», - ավելացրեց Զեյնալյանը։