Ապրիլյան պատերզմի դեպքերով ԱԺ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

 «ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա, որպեսզի հասկանանք՝ ինչո՞ւ զինվորը չուներ փամփուշտ, ո՞վ էր գողացել դիզվառելիքը, երբ տանկը կանգնում էր կեսից ու զոհեր էինք ունենում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այդ հարցում պաշտպանում է վարչապետի առաջարկը:

Դիտարկմանը, թե որքանով է իրատեսական վարչապետի մտահոգությունը, թե դավադիր պատերազմ հրահրելու, որոշ տարածքներ հանձնելու և դրա պատասխանատվությունը վարչապետի վրա թողնելու հեռահար նպատակներ կան, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Եթե նման տեղեկատվություն կա, դա բավականին լուրջ է, բայց չունենալով նման տեղեկատվություն՝ ես չեմ կարող այսպես ապրիորի ենթադրել, թե ովքեր են ուզում տարածքներ հանձնել, ովքեր են հակահեղափոխականներ և ուզում են սեփականաշնորհել հեղափոխության արդյունքները, հետո մեղքը գցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Ես ինձ համարում եմ լուրջ քաղաքական գործիչ և օդից վտանգներ որսալու ունակություն, ցավոք, չունեմ»:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ 1,5 ամիս առաջ իրենց խմբակցությունը գրավոր դիմել է ԱԺ նախագահին` խնդրելով փակ նիստ կազմակերպել Արցախի հարցով, հրավիրել Արցախի ղեկավարությանը, պատգամավորներին, բայց առ այսօր դիմումի պատասխանը չունեն:

Նրա կարծիքով՝ դատարանների դռներն արգելափակելու հետ կապված երեկվա իրավիճակը ուղղակիորեն հարված էր տնտեսական հեղափոխությանը: