Սա հարգանքի տուրք է Ազնավուրին, որը մենք սկսեցինք այս հուշատախտակի բացմամբ․ Իդալգո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

բակո

Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, և որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը, բացվել է մաեստրոյի հուշատախտակը:

Այս մասին հայտնում է «Ազնավուր հիմնադրամ»-ը:

«Շառլ Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանի և «Ազնավուր հիմնադրամ»-ի համագործակցությամբ հուշատախտակ է բացվել այն շենքում, որտեղ հաստատվել են Ազնավուրյաններն ու անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը»,- նշված է հիմնադրամի հայտարարությունում:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, սա իրենց հարգանքի տուրքն է հանճարեղ պոետի հիշատակին:

«Փարիզը, որը տեսել է Շառլ Ազնավուրի ահռելի տաղանդը, իր հարգանքի տուրքն է մատուցում նրան: Նա մեր քաղաքի փոքրիկ երեխան է, որը սիրում է բոլորին, ով ժամանում է օտար երկրներից և իր հետ փոխանակելու է բերում իր հարստությունները, առատաձեռնությունն ու պարզությունը: Սա հարգանքի տուրք է, որը մենք սկսեցինք այս հուշատախտակի բացմամբ և կշարունակենք այսօր երեկոյան քաղաքապետարանի բակում տեղի ունենալիք համերգով, որը Փարիզի երկինքը կդղրդացնի այս հանճարեղ պոետի անմոռանալի երգերով»,- գրել է Իդալգոն:

Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում, տեղի ժամանակով ժամը 17:00-ից Ազնավուրի տարեդարձին նվիրված համերգին ելույթներով հանդես կգան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն և այլ երաժիշտներ: