Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է․ երիտասարդները քայլերթով ուղևորվել են եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

f
Այսօր երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է:
Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
 
Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
 
Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
 
Տոնի խորհրդով պայմանավորված՝ Մասիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ և օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, այսօր տեղի ունեցավ քայլերթ դեպի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի: Երթի մասնակիցները ներկա գտնվեցին Սուրբ Պատարագին, իսկ երիտասարդները դիմեցին բարեխոս սրբին, որ կատարի իրենց նպատակները և աղոթքները հասցնի առ Աստված:
 
Տոնի օրը զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
 

--00—ՍՊ