Նիկոլ Փաշինյանը Ֆինլանդիայի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով բազմակողմ կապերի խորացման կարևորությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև մեր երկրում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքները։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։


--00--ԱՀ