Եթե նպատակ ունենք ԳԱԱ-ի շենքը վաճառելու, պետք է ազնվորեն հայտարարենք այդ մասին․ Բագրատյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

Սերգեյ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին դուր չի գալիս, որ ԿԳՆ նախագծերի հարակից զեկուցող են նշանակել փոխնախարարներին։ Հանձնաժողովի նիստի ժամանակ նա նշել է, որ թեևհարգում է փոխնախարարի ինստիտուտը, միևնույն է՝ կարծում է՝ իրենց հանձնաժողովի տիրույթում գտնվող նախագծերի հարակից զեկուցողները պետք է լինեն նախարարները։

«Որպես հարակից զեկուցողների՝ նախարարի բացակայությունը բացառապես արտակարգ և հիմնավորված դեպքերում պիտի լինի։ Հույս ունեմ, որ այն լավ հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր հանձնաժողովի և ԿԳ նախարարության միջև, կպահպանվեն ու կբարգավաճեն»,- ասել է Հայրապետյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին Նա նշել է, որ նախագիծը պատմություն ունի, քանի որ դեռևս 2017-ին լուրեր կային, որ ԳԱԱ շենքը ցանկանում էին վերածել ռեստորանային համալիրի։ Պատգամավորն առաջարկել է սահմանել պարտադիր պահանջ, որ հասարակական կամ պետական կարիքների համար ԳԱԱ ամրակցված գույքի օտարումը կարող է կատարվել միայն բացառիկ հանգամանքների դեպքում և բացառապես օրենքով: 

«Հիմա շատ միջոց չունեն գիտությանը տրամադրելու, բայց կգա ժամանակ, որ կունենանք, բայց այլևս շենքային պայմաններ չենք ունենա։ Ես նման շենքեր եմ համարում նաև Մատենադարանը, Բյուրականի աստղադիտարանը»,- ասել է Սերգեյ Բագրատյանը։

Նախագծի հարակից զեկուցող, կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել է, որ կառավարությունն առաջարկում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում չանել, քանի որ նախագծում նշված չէ, թե որն է գույքն օտարելու բացառիկ պայմանը, ինչպես նաև չեն հասկանում, թե ինչով է պայմանավորված ԳԱԱ առանձնահատկությունը՝ գույքի օտարման հարցում։

«ԳԱԱ-ի կողմից արտադրվող արդյունքը մենք չպետք է նույնականացնենք շենքի հետ»,- ասել է Անափիոսյանը՝ հավելելով, որ պետական գույքի օտարման հետ կապված հարցերը որոշում է կառավարությունը։ Փոխնախարարը նաև նկատել է, որ միայն պատմական շենքերում չէ, որ կրթական լավ որակ են ապահովում։

Սերգեյ Բագրատյանն արձագանքել է՝ նշելով, որ ԳԱԱ-ն բացառիկ է հենց այն պատճառով, որ ունենք օրենք ԳԱԱ-ի մասին, և որ ինքը կառավարության կողմից նախագծի մերժումը հիմնավոր չի համարում։

«Եթե նպատակ ունենք ԳԱԱ շենքը վաճառելու, պետք է ազնիվ հայտարարենք այդ մասին»,- ասել է Բագրատյանը։