Ունենք շատ ավելի մեծ ներուժ և հնարավորություն, քան պատկերացնում ենք. նախագահի ուղերձը

Երևան, սեպտեմբեր 21, 24News

Thumbnail

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձևակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով:

Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ: Պետք է մեզ պատրաստ և ունակ զգանք դրանք իրականություն դարձնել Նոր Հայաստանում: Այսօրվա Հայաստանի առաջին ընկալումը պետք լինի այն, որ այն մի նոր միջավայր է, որը պետք է ձևավորվի յուրաքանչյուրիս կողմից։

Մեզ պարտավորեցնում են այն մարդկանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության, ովքեր մոտեցրին այն, բայց չհասցրին տեսնել:

Մենք պարտք ունենք նրանց առաջ:

Մեր պատմության դասերից մեկն այն է, որ մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել։

Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հպարտանալով անցյալով կամ նախկինում ունեցած ձեռքբերումներով՝ մենք պետք է ավելի մեծ ոգևորությամբ ու ստեղծագործաբար մոտենանք ապագային:

Մեր միտքը և կարողությունները պետք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին ավելի համահունչ: Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և իշխանության բոլոր ճյուղերի կողմից պետության հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով:

Որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ մենք մեկ ամբողջություն ենք համաշխարհային միջավայրում:

Ուրեմն՝ ունենք շատ ավելի մեծ ներուժ և հնարավորություն, քան պատկերացնում ենք:

Դարձնենք այդ բոլորը մեր հետագա հաղթանակների շարժիչ ուժը, դարձնենք բոլորս միասին՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներով, աշխարհասփյուռ հայությամբ, համահայկականությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ընտանիքներում սովոր ենք ընտանեկան տոները նշել միասին և միասնական։ Մեր ազգային տոնը մեր մեծ հայկական ընտանիքի տոնն է, այսօրվա Հայաստանի հանրապետության ծննդյան օրը, մեր մեծի ու փոքրի, զինվորի և աշխատավորի, մտավորականի և ուսանողի, բոլորիս տոնը։

Շնորհավորում եմ բոլորիս համազգային և համապետական տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, երջանկություն եւ լավատեսություն»,-ասված է նախագահի ուղերձում: