Տալլինում Էլեկտրոնային կառավարման 5-րդ համաժողովին ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Տալլինում անցկացվող Էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում մայիսի 22-ին կայացած  նախարարական պանելի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Իր ելույթում նախարարը ներկայացրել է Հայաստանի ազգային թվային օրակարգի տեսլականը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու առաջընթացին ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայկական տեխնոլոգիական ներուժին, և այդ ոլորտի այսօրվա զարգացման միտումները կապել դեռևս Խորհրդային միության տարիներին հայ մասնագետների ունեցած մասնագիտական բարձր որակների հետ։ Խոսելով տեխնոլոգիական ոլորտի առաջընթացին ուղղված քայլերից՝ նախարարն ընդգծել է տեխնոլոգիական կրթության կարևորությունը, նշել, որ Հայաստանում բազմաթիվ ԲՈւՀ-եր ներկայում ոլորտի բարձրակարգ մասնագետներ են պատրաստում, դպրոցներում գործում են տեխնիկական խմբակներ, իսկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հազարավոր պատանիներ ծրագրավորման դասընթացներ են անցնում՝ ստեղծելով սեփական նախագծերն ու ծրագրերը։ 

Նախարարը  Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր բաղադրիչ է համարել նաև այն կամուրջը, որը հայկական սփյուռքի միջոցով ստեղծված է Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև։ Նա նշել է, որ տարբեր երկրներում ապրող և աշխատող հայ մասնագետներն իրենց ներդրումն են բերում մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանն ու առաջընթացին` օժանդակելով նաև ստարտափ էկոհամակարգի ակտիվացմանը։ 

Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ ոլորտի առաջընթացին ուղղված ծրագրերին, Հակոբ Արշակյանն ընդգծել է երկրի իշխանությունների հիմնական նպատակը՝ Հայաստանը դարձնել տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։ 

Նախարարը նշել է, որ վերջին տարիներին տեխնոլոգիաները մեր երկրում արագ զարգացում են ապրում, վերջին 7 տարվա ընթացքում՝ 5 անգամ։ Այդ ուղղությամբ իրականացվող քայլերից է նաև նոր՝  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորումը, որի գործունեության շրջանակները կընդգրկեն թվայնացումից մինչև ստարտափ էկոհամակարգեր՝ ներառելով աջակցության ծրագրեր վենչուրային ֆոնդերին, ինկուբատորներին, աքսելերատորներին, տարբեր գիտահետազոտական ծրագրերին։

Նախարար Արշակյանը խոսել է նաև թվայնացման գործընթացներից, դրա զարգացմանն ուղղված քայլերից։

Նախարարն անդրադարձել է նաև հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին («WCIT») և տալլինյան համաժողովի մասնակիցներին հրավիրել իրենց մասնակցությունն ունենալու տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն այդ միջոցառմանը։