Անընդունելի է․ Հենրիխից խլեցին եզրափակչում հանդես գալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

Arm.-29-Jan.-Mkhitaryan

Լոնդոնի «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշումը։

«Դա տխուր է: Մեզ հաճախ չէ բախտ վիճակվում հանդես գալ եվրոպական մեծ մրցաշարերի եզրափակիչներում, եւ Հենրիխից խլեցին այն: Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումն ՈւԵՖԱ-ին: Մենք հանդիպում կունենանք խաղից հետո եւ կհայտարարենք, որ դա անընդունելի է: Նման բան պետք է չկրկնվի ո՛չ «Արսենալի», ո՛չ էլ այլ ակումբի հետ»,- Վինայ Վենկատեշամի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտնեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին Բաքու չտանել։