Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը կվերանա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

քաղաքական

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սովորական անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչեւ 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

ՀՀ կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան որոշման նախագծում նշված է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8430 քաղաքացի, իսկ մեկնել՝ 8450 քաղաքացի:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում։

«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում գործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների եւ զբոսաշրջության խթանման միջոցով: 

Հայաստանը եւ Չինաստանը հաջողությամբ գործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չինաստանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում ՀՀ շահերին առնչվող հարցերի կապակցությամբ»,- ասված է նախագծում: