Հայաստանը խնդիր ունի. մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 23, 24News

1

Կառավարության նիստի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խնդրել է մարզադաշտ կառուցելու համար տարածք հատկացնել։

«Ես տարածք հատկացնե՞մ», - կառավարության նիստի ժամանակ կատակել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրել, որ մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է համարում, քանի որ այն հնարավորություն կտա, որ երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։

«Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին, Երևանի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլև շենք կառուցելու համար», - ասել է վարչապետը։

«Մարզադաշտի հետ կապված մի երկու բան ասեմ. իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի, մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև չի համապատասխանում պայմաններին, ու այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ», - ասել է Արթուր Վանեցյանը և տեղեկացրել, որ ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա սարքում են, նախատեսում է իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի։

«Այսինքն՝ մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի, որը լինում է ժամանակակից ու շատ լավ այգի, մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար», - ասել է ՀՖՖ նախագահը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ ճակատագիր ունի «Հրազդան» մարզադաշտը։

««Հրազդան մարզադաշտը որպեսզի դառնա միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ, պետք է կատարվի ահռելի մեծ գումարների ներդրում», - ասել է Վանեցյանը, ապա հավելել, որ ամենակարևոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման խնդիրն է։

«Այսինքն՝ մի քանի կողմից մեքենաներ, ճանապարհների առկայություն, տարհանում, այսինքն՝ պետք 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի, ազատվի... ուղղակի անհնարին է «Հրազդան» մարզադաշտը հարմարաեցնել այդ պայմաններին», - ասել է ՀՖՖ նախագահը, ապա հավելել, որ եթե հնարավորություն ունենան, կվերանորոգեն մարզադաշտը ու կօգտագործեն տեղական խաղերի կազմակերպման համար։

«Սեփականատիրոջ հետ երկու-երեք անգամ արդեն հանդիպել եմ, բանակցությունները տարվում են», - նշել է ՀՖՖ նախագահը։

Վարչապետ Փաշինյանն ասել է, որ այս թեմայով քննարկումները պետք է ինտենսիվացնել։