Ապրիլի 23-ի հաջորդ օրն ի՞նչ օր էր, փոքրիկ հուշում՝ 1915թ. թուրք ընդդիմադիր գործիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մի քանի հոդվածների հիման վրա մեղադրական եզրակացություն է կազմվել, գրում է ermenihaber-ը: Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է «հանրապետության նախագահին վիրավորելու», «պետական աշխատողին զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու», «Թուրքիայի Հանրապետությանն ուղղված հրապարակային վիրավորանքներ հնչեցնելու», «հանրությանը հրապարակավ ատելության ու թշնամանքի կոչ անելու», «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու» մեջ։ Ստամբուլի գխավոր հանրապետական դատախազության կողմից 2018թ․ հունվարի 18-ին սկսված հետաքննության շրջանակներում կազմված մեղադրական եզրակացությամբ Քաֆթանջըօղլուի համար 2 տարի 9 ամսից մինչև 11 տարի ազատազրկման պահանջ է ներկայացվել։

Առաջադրված մեղադրանքների համար հիմք են ծառայել 2012-2017թթ․ սոցցանցերում Քաֆթանջըօղլուի կատարած հրապարակումները։ Ուշագրավ է, որ ընդդիմադիր գործչի թվիթերյան էջում կատարված և մեղադրանքների հիմնավորում դարձած հրապարակումների մեջ եղել է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի գրառում։ Սակայն ցուցմունքների ժամանակ Քաֆթանջըօղլուն հայտարարել է, որ Ցեղասպանության թեմայով հրապարակումը իրեն չի պատկանում, միևնույն ժամանակ ընդունել է, որ մեղադրանքների համար հիմք ծառայած մյուս բոլոր հրապարակումների հեղինակն ինքն է։

Նշենք, որ 2013թ․ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Ջանան Քաֆթանջըօղլուն Twitter-ում հետևյալ գրառումն էր արել․ «Ապրիլի 23-ի հաջորդ օրն ի՞նչ օր էր։ Նրանց համար, ովքեր չեն ցանկանում իմանալ, փոքրիկ հուշում․ 1915թ»։