Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ  մատնություն կատարելու դեպքի առթիվ։

Նշենք, որ ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով է հանդես եկել փաստաբան Ալիկ Սիրունյանը։ Մասնավորապես մայիսի 18-ին՝ մինչեւ ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը՝ Ա.Սիրունյանը գործով նախաահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ուղղված ստատուսներ էր գրում, թե՝ «պարոն Դավիթ Գրիգորյան ջան, ինձ սևերես չանես», կամ՝ «Դավիթ Գրիգորյանին՝ բարի միտք», իսկ որոշման հրապարակումից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը փոխել է խափանման միջոցը, գրառումների բովանդակությունը եւս փոխվեց։ Նրա ֆեյսբուքյան էջում հայտնվում են ենթադրյալ կաշառքի մասին կասկածներ պարունակող գրառումներ՝ Ժամը 16.06 նա գրում է՝ «Երկու միլիոն դոլար՝ Նիկոլի գլուխն եք կորցրել», կամ՝ «պագրիշկա գողացողին սկի 1.000.000-ով չեն ազատում», «2 մլն դոլարով սեփական ճիշտ են ծախում», և այլն:

Մեր ունեցած տեղեկությամբ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը փաստաբան Ալիկ Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումներին որոշել է ընթացք տալ՝ նշելով, որ գրառումներն ակնհայտորեն հանցակազմի հատկանիշներ են պարունակում՝ կամ կաշառքի կամ սուտ մատնության եւ խնդրել, որ անկողմնական մարմնի կողմից կատարվի քննություն։

Դավիթ Գրիգորյանի կողմից նախօրեին հաղորդում ներկայացվելուց հետո այսօր պարզ դարձավ, որ հաղորդում է ներկայացրել նաեւ փաստաբանը՝ առ այն, թե  Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս