Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

.

Հանրապետության բոլոր դպրոցներում մայիսի 24-ին հնչելու է վերջին զանգը, և աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելուն պատրաստվում է նաև ոստիկանությունը: Այդ օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ հանրապետության գրեթե բոլոր ավագ դպրոցներ են այցելել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու զրուցել դպրոցների տնօրենների հետ:

«Նպատակը մեկն է՝ միասնական անել ամեն ինչ, որպեսզի տոնը չմթագնի ոչ մեկի համար:
Զրույցների ընթացքում ճանապարհային ոստիկանները ներկայացնում էին ուժեղացված ծառայության մանրամասները, հորդորում ևս մեկ անգամ շրջանավարտներին ու ծնողներին զգուշացնել, որպեսզի ոչ մի աշակերտ չվարի մեքենա, տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն և ամեն ինչ կազմակերպվի օրենքի սահմաններում: Ոստիկանությունը հետևողական է լինելու, չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ, և ցանկացած օրինախախտ ենթարկվելու է պատասխանատվության:
Մեր նկարահանող խումբը մայրաքաղաքում ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սերգեյ Մարտիրոսյանի հետ այցելեց Թաթուլ Կրպեյանի անվան համար 62, Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 և համար 195 ավագ դպրոցներ:

Զրույցների ընթացքում դպրոցների տնօրենները հավաստիացրին, որ իրենցից կախված ամենն արվել է՝ հայտարարվել ու բացատրական աշխատանք է իրականացվել ծնողների ու աշակերտների հետ, դժբախտ պատահարներից զերծ մնալու համար:

Ոստիկանների հետ զրույցներում մանկավարժները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու ոչ միայն ճանապարհային ոստիկանների, այլ ոստիկանության մյուս ծառայությունների հետ ուսումնական ողջ տարվա ընթացքում:

Հարգելի շրջանավարտնե՛ր, ուսուցիչնե՛ր ու մանկավարժնե՛ր, միանալով շնորհավորանքներին ևս մեկ անգամ հորդորում ենք չխախտել օրենքը, թույլ չտալ աշակերտներին մեքենա վարել, տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվել և ամեն ինչ անել միայն օրենքի շրջանակներում:

Ոստիկանությունն այդ օրը կլինի ձեր կողքին և կիրականացնի ուժեղացված ծառայություն:
Միասին անենք ամեն ինչ մեր շրջանավարտների ամենահիշարժան օրերից մեկն անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: