Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին մասնակցող Արցախի հավաքականի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

.

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 23-ին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ միասին Շուշիում հանդիպել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների (CONIFA)` Արցախում հունիսի 1-9-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գաբրիելյանի, հավաքականի մարզիկների, ինչպես նաեւ մարզչական կազմի պատասխանատուների հետ։ Այս մասին հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Ջերմ միջավայրում ներկաներին ողջունելուց հետո պետական նախարարն ասել է.

«Կարծում եմ՝ կարիք չկա եւս մեկ անգամ նշելու, թե աշխարհում ինչպիսի զանգվածային տարածում ունի ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը։ Նման կարգի առաջնություն Արցախում առաջին անգամ կազմակերպելը ինքնանպատակ չէր, այլ գիտակցված քայլ՝ հստակ գիտկացումով, որ սա եւս մեկ լավ առիթ է աշխարհին ապացուցելու, որ բացի մնացած ենթակառուցվածքներից՝ մենք լուրջ հաջողություններ ենք գրանցում նաեւ մարզական կյանքում եւ որպես հանրապետություն՝ պատրաստ ենք հավուր պատշաճի հյուրընկալել մասնակից երկրներին եւ երկրպագուներին: Շատ կուզենայի, որ այն տրամադրվածությունը, որը ես հիմա նկատում եմ ձեզ մոտ, պահպանեք նաեւ մարզադաշտում՝ վստահ լինելով, որ համայն հայությունը թե՛ ֆիզիկապես, եւ թե՛ հոգեպես լինելու է ձեր կողքին, եւ դուք՝ որպես գլխավոր դերակատարներ, առաջնության ընթացքում դիտարժան խաղով եք հանդես գալու»։

Խոսելով առաջնության կազմակերպչատեխնիկական հարցերի մասին՝ Ն. Աղաբալյանը կարեւորել է իրականացված մեծածավալ աշխատանքները, որպես ձեռքբերում մատնանշել հանրապետության չորս մարզադաշտերը, որոնք արդեն իսկ պատրաստ են դիմավորելու մարզիկներին եւ ֆուտբոլասեր հյուրերին:

«Համոզված եմ, որ հանրային բարձր աջակցության շնորհիվ դուք հպարտության պահեր կպարգեւեք մեզ, որովհետեւ նորանոր հաղթանակների կարիք մենք միշտ ունենք»,- նշել է նախարարը:

Վ. Գաբրիելյանը, առանձին-առանձին ներկայացնելով մարզիկներին, հավաստիացրել է, որ թիմն ամբողջությամբ գտնվում է անհրաժեշտ մարզավիճակում: «Աշխատանքային գործունեությանս 30 տարիների ընթաքցքում այս առաջնության պատրաստվելը ընդունել եմ որպես մարտահրավեր եւ այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու ենք, որ Արցախը պատվով ներկայացնենք»,- իր խոսքում նշել է գլխավոր մարզիչը:

Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են Արցախում ֆուտբոլի զարգացման հեռանկարները եւ հետագա անելիքները:

Վերջում պետական նախարարը մարզիկներին մաղթել է բարձր տրամադրություն եւ հարձակողական բնույթի խաղ։