25-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Հասարակություն

Այսօր՝ մայիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Խաչիկ Իսրայելյանը իր վարած Nissan մակնիշի 35 OX 147 համարանիշի ավտոմեքենայով Բադալ Մուրադյան փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ, վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ նա մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: