Դատախազությունը Դավիթ Գրիգորյանի՝ հանցագործության մասին հաղորդումը դեռ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Իրավական

ՀՀ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանից՝ հանցագործության մասին հաղորդում այս պահին դեռ չի ստացել։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Փաստինֆոյի տեղեկության համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ֆեյսբուքյան գրառումների առնչությամբ հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ գրառումներն ակնհայտորեն հանցակազմի հատկանիշներ են պարունակում՝ կամ կաշառքի կամ սուտ մատնության, և խնդրել քրեական գործ հարուցել:  

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ այսօր՝ մայիսի 24-ին, դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել: «Իմ ստատուսների հետ Դավիթ Գրիգորյանն ի՞նչ կապ ունի: Ասում է՝ Սիրունյանը գրել է 2 մլն դոլարով սեփական ճիշտ են ծախում: Եթե նույնիսկ դա Սիրունյանի ֆեյսբուքյան էջի գրառումն է, դա իմ անձնական էջն է, ինչո՞ւ ես մտնում-կարդում: Մի հատ էլ նեղվում ես ու մտածում՝ սա ոնց որ իմ մասին է: Բա չեղա՞վ, որ գրողը ճիշտ է, իհարկե, չգիտեմ՝ գրողն ով է, քննությունը պետք է պարզի ու ամեն ինչ պետք է պարզի», - նշեց Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ ինքն էլ մայիսի 23-ին է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ռ.Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ: «Հաղորդում եմ ուղարկել՝ իր նկատմամբ քրեական գործ հարուցելու: Մեջբերումներ եմ արել, Դավիթ Գրիգորյանը համաձայն չէ՞ Վճռաբեկ դատարանի հետ: Գրում է մի բան, որը Սահմանադրության մեջ չկա, խնդրում է մեկնաբանություններ տալ Սահմանադրական դատարանին: Ասում է՝ կասկածներ ունեմ: Սահմանադրական դատարանը Քյավառի Անոն չէ, որ դու կասկածներ ունես, նա էլ մոմ է թափում», - նշեց փաստաբանը:

Անդրադառնալով դատավորի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու որոշմանը՝ Սիրունյանը նշեց. «Եթե մարդն ընդունում է երաշխավորություն, դա իր իրավունքն է, բայց որպես դատավոր՝ Դավիթ Գրիգորյանն իրավունք չուներ Բակո Սահակյանի  երաշխավորությունն ընդունել:  Պարգև Սրբազանի երաշխավորությունը կարող էր, Բակո Սահակյանինը՝ ոչ: Պարզ իրավաբանություն է. Քրեական օրենսգրքում հոդված կա՝ եթե երաշխավորվողը խախտում է ռեժիմը, երաշխավորը քրեական պատասխանատվության է ենթակա: Բա Դավիթ Գրիգորյանն իրեն հարց չի տվե՞լ՝ եթե Քոչարյանը խափանման միջոցի ռեժիմը խախտեց, երաշխավորող Բակո Սահակյանին ինչպե՞ս է քրեական պատասխանատվության կանչելու, երբ նա անձեռնմխելի է, պետության նախագահ է»,- ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Փաստաբանի խոսքով՝ չի կարելի ԼՂՀ նախագահի երաշխավորությունն ընդունել, քանի որ այն հետևանք չի ունենալու։ 

Հիշեցնենք, որ ըստ Փաստինֆոյի աղբյուրների՝ ենթադրյալ կաշառքի մասին ֆեյսբուքյան գրառումներով է հանդես եկել փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։ Մասնավորապես, մայիսի 18-ին՝ մինչև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը՝ Ա.Սիրունյանը գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ուղղված ստատուսներ էր գրում, թե՝ «պարոն Դավիթ Գրիգորյան ջան, ինձ սևերես չանես», կամ՝ «Դավիթ Գրիգորյանին՝ բարի միտք», իսկ որոշման հրապարակումից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը փոխել է խափանման միջոցը, գրառումների բովանդակությունը ևս փոխվեց։ Նրա ֆեյսբուքյան էջում հայտնվում են ենթադրյալ կաշառքի մասին կասկածներ պարունակող գրառումներ՝ Ժամը 16.06 նա գրում է՝ «Երկու միլիոն դոլար՝ Նիկոլի գլուխն եք կորցրել», կամ՝ «պագրիշկա գողացողին սկի 1.000.000-ով չեն ազատում», «2 մլն դոլարով սեփական ճիշտ են ծախում», և այլն: