Դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին․ Քաղաքապետի ուղերձը շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

Հայկ Մարության-քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ, հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ուղերձը՝ ստորև.

«Սիրելի շրջանավարտներ, 
դպրոցական զանգի վերջին ղողանջն ազդարարում է սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը: Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր բարիքի հիմնային ու հիմնական պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, ձեռք ենք բերում հանրության մեջ մեր տեղը գտնելու, դրսևորվելու հմտություններ ու ունակություններ: Դպրոցում ձևավորվում ենք որպես անհատ, որպես քաղաքացի: Սա պակաս կարևոր չէ, քան բուն գիտելիքը: 

Ցանկանում եմ, որ մեր ներկա սերնդի՝ դպրոցում կերտված ինքնությունը արտահայտվի քաղաքացիական գործուն դիրքորոշմամբ ու պատասխանատվությամբ՝ ի շահ մեր քաղաքի ու մեր հայրենիքի, հանուն ազգային ավանդույթների պահպանման, համամարդկային արժեքների հետ հաղորդակցման, առաջադեմ ու օրինապահ հասարակության կերտման:

Սիրելի՛ շրջանավարտներ,
կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են Ձեր ուսուցիչները: Հիշեք՝ հայ ենք, հայաստանցի, հետևաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր ու օրինապաշտ:

Շնորհավորում եմ մեր մանկավարժներին ու շնորհակալություն հայտնում իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

Շնորհավորում եմ նաև Ձեր ծնողներին: Թող իրականություն դառնան Ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները:

Բարի երթ Ձեզ»: