Համադասարանցուն դանակահարելու համար մեղադրանք է առաջադրվել 15–այա պատանու

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

1

Երևանի Նանսենի անվան այգում համադասարանցուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար 15-ամյա տղայի է մեղադրանք առաջադրվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցականի կողմից համադասարանցուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի դպրոցներից մեկի աշակերտը՝ ծնված 2004 թ., տեղեկանալով, որ 2018 թ. սեպտեմբերի 26-ին  իր համադասարանցին և նույն դպրոցի մեկ այլ աշակերտ դպրոցում դասամիջոցի ժամանակ վիճաբանել են և դրա վերաբերյալ դասերից հետո պարզաբանումներ կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմանում, վերը նշված աշակերտների և նրանց ընկերների հետ գնացել է Ֆ.Նանսենի անվան այգի: Նշված այգում վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 2004 թ. ծնված դպրոցականը տաբատի հետևի գրպանից հանել է ծալովի դանակը և հարվածել համադասարանցու կրծքավանդակի աջակողմյան հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դանակը գցելով դեպքի վայրից քիչ հեռու՝ փախել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 15-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը: