Հայաստանը կրոնի, համոզմունքի ազատության հարցում ողջունելի քայլեր է արել. ՄԱԿ-ի համակարգող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

1

Հայաստանը և Վրաստանը հարգում են մարդու իրավունքները, կրոնի, համոզմունքի ազատության ուղղությամբ ողջունելի քայլեր են ձեռնարկել, Երևանում անցկացվող Հայաստանում, Վրաստանում, աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին նման տեսակետ հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը մշտապես մշտադիտարկում է կրոնի, համոզմունքների ազատության իրավունքի իրացումը: Հայաստանը ու Վրաստանն այդ հանձնաժողովից ստացել են հանձնարարականներ և ողջունելի քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ: Հայաստանը և Վրաստանը երկրներ են, որոնք հարգում են մարդու իրավունքները՝ որպես իրենց օրակարգի կարևոր գերակայություն»,-ասաց Շարփն ու, այնուամենայնիվ մատնանշեց որոշակի խնդիրներ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցրեց, որ երկրում սկզբունքորեն կարևոր է և պետք է պաշտպանված լինի կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և կրոնական փոքրամասնությունների գործունեությունը: Նա սա համարեց չափազանց կարևոր դրույթ, որն արձանագրում է մարդու իրավունքների պաշտպանության համար նշաձող: «Կրոնի, դավանանքի կամ մտքի ազատությունը սերտորեն կապված է նաև մարդու մյուս իրավունքների և ազատությունների հետ: Հայոց պետականության համար կարևոր նշանակություն է ունեցել Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Մեծ է եկեղեցու դերը առաքելությունը ազգային արժեքների և ավանդույթների պահպանման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում: Սրանով հանդերձ կրոնի և դավանանքի առնչության հարցերով խտրականության և խարանի անարդար վերաբերմունքի բացառումը կարևորագույն նշանակություն ունի հասարակությունում համերաշխության և տարբեր կրոնական հայացքներ ունեցող խմբերի խաղաղ գոյակցության համար»,-ասաց Թաթոյանը:

Նա վստահեցրեց, որ մտքի, կրոնի, դավանանքի ազատության պահպանման ուղղությամբ ՄԻՊ-ը աշխատանքներ է կատարում:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս