Ոստիկանները հայտնաբերել են 3 երիտասարդի ուղղությամբ կրակած ու մեկին սպանած հետախուզվողին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

Ապրիլի 15-ի գիշերը «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մի քանի րոպե անց դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հնչել էր ևս մեկ ահազանգ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով։ Հիվանդանոցներ տեղափոխվածներից 23-ամյա տղան, հոսպիտալացվելուց որոշ ժամանակ հետո, գիտակցության չգալով՝ մահացել էր։

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 25 շենքի հարակից տարածքում։ Դեպքի վայրի մանրակրկիտ զննությամբ իրավապահները հայտնաբերել են 7․62 մմ տրամաչափի պարկուճներ, գնդակ և արնանման հետքեր։

Նշանակվել են փորձաքննություններ։ Ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցները պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդների ուղղությամբ կրակոցները արձակել էր Լեփսիուսի փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունները որոշակի հիմնավորվել են, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողին օպերատիվ հայտնաբերելու նպատակով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները կողմնորոշումներ են ուղարկել տարածքային այլ ստորաբաժանումներ։ Հետևողական աշխատանքի արդյունքում ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ են ստացել, որ հետախուզվողը թաքնվում է Սևանում գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Ստացված տեղեկություններն իրացվել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։ Արդյունքում՝ մայիսի 23-ին հետախուզվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է Երևան ու հանձնվել հետախուզումը նախաձեռնած մարմնին։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։