Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի միջև սկզբունքային տարբերություններ կան․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

Ալեն

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետեւում կանգնած է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ասել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետևից երեւում է հայ ժողովրդի կամքը, և որեւէ ավել բան չի կարող երևալ երբևիցե։

Ալեն Սիմոնյանն ասել է, որ այդ հայտարարություններին չի ցանկանում նույն ոճով արձագանքել, և եթե նախկին թիմի անդամներից մեկ կամ երկու հոգի գործակցում են, դա չի նշանակում, որ իրենք համակարծիք են:

«Հանրապետական կուսակցության անդամներից մի քանիսի հետ էլ ենք համագործակցում, ինչու չեք ասում, որ միակարծիք ենք նաև իրենց հետ: Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև սկզբունքային տարբերություններ կան: Եթե հիմա ես որևէ մեկի հետ շփվեմ կամ համագործակցեմ, ապա դա նշանակում է, որ քաղաքական առումով այդ 2 թիմերը նո՞ւյնն են: Ու այդ հայտարարություններին ես ժպիտով եմ վերաբերվում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքին՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ ողջունում է այն. «Կարծում եմ, որ ՀՅԴ-ն պետք է էլ ավելի ակտիվ լինի քաղաքական դաշտում, քանի որ իր անհրաժեշտությունը կա ու միշտ եղել է»: