Արցախի պետնախարարն նիստ է հրավիրել երկրում անցկացվելիք ֆուտբոլային առաջնությունից առաջ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

.

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 24-ին հրավիրել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CONIFA)՝ հունիսի 1-ից Արցախում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական փուլի աշխատանքների վերջնափուլը։

Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին արդեն իսկ կատարված աշխատանքի համար և կոչ արել անդամներին, որ ազատ զգան արտահայտելու այն խնդիրները, որ տակավին լուծված չեն, որպեսզի հնարավոր դառնա լիակատար պատրաստվածությամբ մոտենալ առաջնության մեկնարկի օրվան։

Պետնախարարի մուտքի խոսքից հետո զեկուցել է քաղաքաշինության նախարարը՝ ըստ քաղաքների ներկայացնելով չորս մարզադաշտերում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին։ Պետնախարարի՝ թե՛ վերջինիս, թե՛ առանձին շրջանների վարչակազմերի ղեկավարներին ուղղված հարցերին՝ առ այն, թե արդյոք մարզադաշտերի վերակառուցման կամ կահավորման հարցերում կան չլուծվող կամ ձգձգվող խնդիրներ, տրվել է բացասական պատասխան։ Գրիգորի Մարտիրոսյանը գոհացուցիչ է համարել նման արդյունքը։

Այնուհետև ըստ ոլորտների զեկուցումներով ու պետնախարարի հարցերին տրված պատասխաններով են հադես եկել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, ինչպես նաև կրթության, գիտության և սպորտի նախարարները, արտաքին գործերի նախարարը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը, Ստեփանակերտ քաղաքային համայնքի ղեկավարը, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետերը, ոստիկանության պետը և առաջնության տեղեկատվական ասպասարկումն իրականացնող շտաբի ներկայացուցիչները։

Հանձնաժողովի անդամների զեկույցներն անխտիր վերաբերել են իրենց ոլորտային հանձնառությունների արտահերթ կատարմանը՝ կապված սպասվող առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու նպատակի հետ։ Նիստի վերջում պետական նախարարը հանձնարարել է տվյալ կազմից որոշել մեկ հիմնական կոնտակտային անձի, որի հետ կկարողանան կապ պահել ինչպես հյուրընկալվող թիմերն ու երկրպագուները, այնպես էլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները։