Պաշտոնյաների հարազատ դատավորները,  նրանց գույքը ու եկամուտը

Վերջին իրադարձությունների ֆոնին 24News-ը ներկայացնում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ ազգակցական կապ ունեցող դատավորներին, նրանց ունեցվածքն ու եկամուտը։

1․ Կրակեմ Հրաչի որդին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Hrachya Harutyunyan

ԱԱԾ  պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (հայտնի է Կրակեմ Հրաչ անունով) որդին՝ 37-ամյա Դավիթ Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, մեծ ունեցվածք է կուտակել: Նա 2016-ի փետրվարի 19-ին նշանակվել  է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրի  նախագահի պաշտոնը։ 2016-ին՝ պաշտոնը ստանձնելիս, հայտարարագրել է երկու բնակարան, անհատական բնակելի երկու տուն, երկու ավտոտնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, MITSUBISHI PAJERO 3.8 մակնիշի ավտոմեքենա, 12 մլն դրամ, 190 հազար ԱՄՆ դոլար։ 2017-ին Դավիթ Հարությունյանը  շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: 
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համաձայն՝ 
2017-ին տարեսկզբին նա հայտարարագրել է 12 մլն դրամ և 190 հազար դոլար, իսկ տարեվերջին նրա դրամական միջոցները նվազել են 7 հազար դոլարով։ Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը 2017-ին ամսական կազմել է 908 հազար դրամ։ 
Դատավորի տիկնոջ՝ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարագրի համաձայն՝ նա ամուսնուց ավելի հարուստ է։ 2016-ին Ռուզաննա Մանթաշյանի դրամական միջոցները կազմել են 410 հազար դոլար եւ 15 մլն դրամ: 

2․ Սերգո Երիցյանի որդին՝  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Sergo Yeritsyan

Լեզվի պետական կոմիտեի նախկին նախագահ Սերգո Երիցյանի որդին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանն է։ 2017-ի տարեսկզբին դատավորը հայտարարագրել է 53,121,415.00 դրամ, 147 հազար ԱՄՆ դոլար և 8 000 եվրո։ Տարեվերջին Սարգիս Երիցյանը հայտարարագրել է 91,471,368.00 դրամ, 38,800 ԱՄՆ դոլար, 1,300 եվրո։ Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը 2017-ին ամսական կազմել է 988 հազար դրամ։ 

 3․ ԱԱԾ պետի նախկին տեղակալի դուստրը կրկին դատավորների շարքում է

Ani Harutyunyan

2013-ից ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի հայրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է:  Դատավորը 2017-ին հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ BMW X4 մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 31,941,660.00 դրամով և VOLKSWAGEN TOUAREG 4.2 մակնիշի ավտոմեքենա։ Դատավոր Անի Գրիգորյանը 2017-ին հայտարարագրել է նաև 60 մլն դրամ, 200,000 եվրո, 350,000 ԱՄՆ դոլար։ 2017-ին նա ստացել է 61,766,768 դրամ եկամուտ։
2013-ից ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ Գագիկ Խանդանյանի որդին է։ դատավորը 2017-ին հայտարարագրել է 47,000,000 դրամ, 70,000 ԱՄՆ դոլար, 22,000 եվրո։  2017-ին նրա եկամտի չափը կազմել է 6,929,120 դրամ։ 

4․ԱԺ նախկին նախագահի փեսան

Armen Khachatryan

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանը Աժ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանի փեսան է․որը նույնպես աչքի է ընկել բավական բարձր եկամուտներով։  2018-ին նա հայտարարագրել է 110,000 ԱՄն դոլար, 75,000,000 դրամ, 85,000 եվրո։ 2018-ին նրա եկամուտը կազմել է 10,527,794 դրամ։ 

5․ Գեներալ Մանվելի դուստրը դատավորների շարքում է

Manvel Grigoryan

2005 թ-ից Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է։  Վերջինիս եկամուտները, սակայն, բավկան համեստ են։ 2018-ին դատավորը հայտարարագրել է 1,950,000 դրամ։ Նույն տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 7,298,523 դրամ։