Տիգրան Ավինյանը և Մարկ Փրիթչարդը բարձր են գնահատել ՄԹ-ի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հանձնակատարին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-բրիտանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Այս կապակցությամբ փոխվարչապետը նշել է, որ ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև միջազգային ինտեգրացիոն խոշոր միավորների հետ հարաբերությունները լավ հնարավորություններ են ստեղծում նաև Մեծ Բրիտանիայից ներդրումների ծավալի ավելացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդը ներկայացրել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական կապերի խորացման նպատակով իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները բարձր են գնահատել Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերը:

Հայաստանի պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող բարեփոխումների համատեքստում զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև գործակցության հնարավորությունները: Մարկ Փրիթչարդի խնդրանքով փոխվարչապետ Ավինյանը ներկայացրել է ներառական տնտեսական աճի ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թվայնացման, կրթություն-աշխատաշուկա կապի, պետական ծառայությունների և այլ ուղղություններով արդյունավետ համագործակցություն ծավալելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: