Թուրքական սերիալում հայը ներկայացվել է ստոր և դավաճան մարդ․ Փայլանը քննադատել է «TRT»-ին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

 

1
«Ermenihaber»-ը գրում է, որ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը (TRT): Պատճառն այն է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հեռուստաալիքը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալություն:

Փայլանը նաև նշել է այն երևույթի վտանգավորության մասին, երբ հեռուստատեսությունը պատմական-քաղաքական սերիալների միջոցով փորձում է տարաբնույթ ուղերձներ հղել տարբեր հասցեատերերի:

Որպես օրինակ Փայլանը մատնանշել է պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ նկարահանված «Գահանիստ. Աբդուլհամիդ» (Payitaht Abdülhamid) հեռուստասերիալը, որն այժմ ցուցադրվում է TRT-ով ու կոնկրետ ուղերձներ է պարունակում։

Վերջերս այդ սերիալի միջոցով գրեթե սպառնալիքի հասնող ուղերձներ են հնչել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հասցեին։

Եվ ահա նույն այդ սերիալում այս անգամ թիրախավորել են հայի կերպարը։ Կարո Փայլանը պատմել է, որ այդ սերիալում հայտնվել է հայի կերպար, ով ներկայացվում է իբրև ստոր, դավաճան մեկը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրա անունը հենց Կարո է։ Բնականաբար, ոչ պատահական:

Հայ պատգամավորը հիշեցրել է, որ օսմանյան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ հայեր են եղել։ Հայ է եղել նաև հենց Աբդուլհամիդի հարազատ մայրը։ Իսկ այդ մասին սերիալում ոչինչ չի ասվում։ Հայը ներակայացվում է միայն դավաճանի կերպարով, անունն էլ՝ Կարո։