Հետաքրքրված ենք Հայաստանի տնտեսական զարգացմամբ. Միացյալ Թագավորության պաշտոնյա

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

1

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը եւ Գեղամ Վարդանյանը մայիսի 24-ին ընդունել են ՀՀ-ում Միացյալ Թագավորության վարչապետի Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին եւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին։ Այդ մասին հայտնում է նախարարությունը։

Մարկ Փրիթչարդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացումներով և ցանկություն ունեն ընդլայնելու համագործակցության շրջանակները մի շարք ուղղություններով։

Բագրատ Բադալյանը Մարկ Փրիթչարդին է ներկայացրել ճանապարհաշինական եւ ենթակառուցվածքային ծրագրերը՝ դրանցում առանձնացնելով հատկապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային հատվածի (Տրանշ-4) շինարարությունը։

Նախարարի տեղակալն ընդգծել է ճանապարհի կառուցման տարածաշրջանային նշանակությունը, ներկայացրել շինարարության առանձնահատկությունների՝ ռելիեֆային բարդությունների, նախատեսվող թունելների եւ կամուրջների կառուցմանն  առնչվող մի շարք մանրամասներ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանապարհաշինական մի շարք ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել բրիտանական կողմին՝ այս ոլորտում գործակցության վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակեցնելու համար։

Քննարկվել են նաեւ ճանապարհաշինության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման եւ բրիտանական փորձի փոխանակման հնարավորությունները։

Մարկ Փրիթչարդին ներկայացվել են նաեւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումները, այդ ուղղությամբ իրականացվող ՀՀ կառավարության քաղաքականությունը, որի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։

Գեղամ Վարդանյանը տեղեկացրել է նաեւ նոր ձեւավորվող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության ձեւավորման մասին։ Նա նշել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ուղղվածությամբ կրթության բավական հաջող ծրագրեր են իրականացվում, ներկայացրել է «Թումո» կենտրոնի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների, «Անել» լաբորատորիայի գործունեությունը։ Նա ընդգծել է, որ դրանք բավական հաջողված ծրագրեր են, որոնք կարող են համագործակցության արդյունքում կիրառել եւ՛ Միացյալ Թագավորությունում, եւ՛  այն երկրներում, որոնց իրենք աջակցում են։

Նախարարի տեղակալը կարեւորել է նաեւ Միացյալ Թագավորության տեխնոլոգիական ոլորտի մեծ կազմակերպությունների կողմից Հայաստանում հետազոտական կենտրոններ ստեղծելու հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ  հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019)։ Նախարարի տեղակալը ընդգծել է բրիտանական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարեւորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։     

1