Բաքվում խեղաթյուրել են ՈՒԵՖԱ-ի խոսքերը և դարձրել իրենց ձեռնտու

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

Արսենալ Մխիթարյան

«Ադրբեջանում, այո´, կան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, բայց դրանք կան նաև այլ եվրոպական երկրներում»,- Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու իրենց որոշման մասին խոսելիս այսպես է արդարացել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, ջնջել են մարդու իրավունքների հատվածն ու թողել իրենց համար ցանկալի արդյունքը։

Նրանք հատկապես շեշտել են ՈւԵՖԱ-ի նախագահի այն խոսքերը, որ իրենք նույն լիգայի եզրափակիչը 2016 թվականին անցկացրին Ֆրանսիայում, թեև այն ժամանակ այդ երկիրն ահաբեկիչների թիրախում էր։ Չեֆերինը, սակայն, չի անդրադարձել հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խնդրին։ Մխիթարյանի որոշումը նա որակել է որպես «անձնական որոշում»՝ մի կողմ թողնելով իրական սպառնալիքները, որ կարող էին Բաքվում լինել հայ ֆուտբոլիստի համար։

«Արսենալի» մարզական տնօրեն Վինայի Վենկատեշամն ասել է, որ թեև իրենք արդեն որոշակիորեն արտահայտել են իրենց դժգոհությունը, բայց պատրաստվում են ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ նստել սեղանի շուրջ ու իրենց զայրույթը հայտնել նրանց։

«Մենք հասկանում ենք, որ Մխիթարյանը չի կարողանա մեկնել Բաքու, և դա շատ տխուր փաստ է: Ամեն օր չէ, որ կարող եք եվրոպական խոշոր եզրափակիչ խաղի հնարավորություն ունենալ: Իսկ Մխիթարյանը ստիպված է բաց թողնել այդ խաղը, և դա ամոթ է»,- ասել է թիմի ներկայացուցիչը։