Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Գրառումը՝ ստորև.

«Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների եւ արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։

Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ (ներկայիս 100 հազար դրամի փոխարեն), իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն դրամ յուրաքանչյուր կետի համար (ներկայիս 50 հազարի փոխարեն):

Հաշվի առնելով, որ առաջարկվող չափերը մեծ բեռ կհանդիսանան տվյալ ոլորտի տնտեսվարողների համար եւ կհանգեցնեն նրանց մի մասի փակմանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկվող չափերը քննարկման առարկա դարձան։

Կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն ոչ թե 6 եւ 3 մլն դրամ, այլ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ավելի քիչ։

Պետտուրքի չափերը կվերանայվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում եւ երկրորդ ընթերցմանը կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի հետ համաձայնեցված լրամշակված տարբերակ՝ պետտուրքի ցածր դրույքաչափերով։

Մնացած մանրամասները կներկայացնենք ԱԺ լիագումար նիստում հարցի քննարկման ժամանակ։

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ տնտեսական հանձնաժողովի եւ մյուս հանձնաժողովների անդամ բոլոր պատգամավորներին շահագրգիռ եւ արդյունավետ քննարկում ծավալելու համար։ Ինչպես նաեւ՝ կառավարության եւ ԿԲ ներկայացուցիչներին՝ կառուցողական դիրքորոշման համար»: