Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը կանդրադառնա Բաքվում՝ ակումբի խաղի վրա. մարզական մեկնաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Հենրիխ Մխիթարյանը եվրոպական ֆուտբոլի աստղ է: Իհարկե, նա պետք է մասնակցի նման հանդիպումներին, նա «Արսենալ»-ի համար կարևոր խաղացող է և, իհարկե, նրա բացակայությունը կանդրադառնա Բաքվում ակումբի խաղի վրա, լրագրողների հետ զրույցում ասաց մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը՝ անդրադառնալով «Արսենալ»-ի կիսապաշտպան, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը Բաքու չմեկնելու որոշման շուրջ աղմուկին:

Նա նշեց, որ ցավում է, որ այսպես է ստացվել, բայց լիահույս է, որ Հենրիխի մոտ դեռևս շատ եզրափակիչ հանդիպումներ կլինեն: «Սա, իհարկե, մեծ իրադարձություն է, սակայն, ցավոք,   տհաճ իրավիճակ է, որը ստեղծվել է տարիների, տասնամյակների ընթացքում, հետևաբար՝ այս ամենը շատ տխուր է»,- ասել է մեկնաբանը: 

Անդրադառնալով խոսակցություններին, թե Բաքվի մարզադաշտում երկրպագուների համար բավականաչափ տեղ չկա, Առուստամյանն ասաց. «Ես Բաքվի մարզադաշտում չեմ եղել, սակայն կարծում եմ, որ այն բարձրակարգ է, ժամանակակից, քանի որ այնտեղ, կարծում եմ, անցկացվել են եվրոպական խաղեր, տարատեսակ միջոցառումներ և չեմ կարծում, որ խնդիրը մարզադաշտի մեջ է»: 

Մարզական մեկնաբանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում ֆուտբոլային ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ՈՒԵՖԱ-ի դեմ ուղղված քննադատությունը (Բաքուն որպես ԵԼ եզրափակիչ հանդիպումը հյուրընկալող քաղաք ընտրելու որոշման վերաբերյալ) չի ազդի իրավիճակի վրա:

«Եթե խոսում ենք եվրոպացի ֆուտբոլիստների, մարզիչների մասին, ապա Եվրոպայի համար ամեն ինչ շատ պարզ է. կան նրանց համար շատ ծանոթ երկրներ, քաղաքներ, որտեղ նրանք պարբերաբար խաղում են մրցաշարերի եզրափակիչներում (Մադրիդ, Փարիզ, Լոնդոն, Բեռլին, Միլան և այլն): Երբ նրանց առաջարկում են եզրափակիչ խաղի համար նոր երկիր, քաղաք մեկնել, արձագանքը, իհարկե, մի քիչ վախեցնող է: ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն անսպասելի երկրներին և քաղաքներին այսպիսի մեծ մրցաշարեր են տալու փորձ ունեն, սակայն Մխիթարյանի հետ կապված դեպքը, իհարկե, կանդրադառնա հանրային կարծիքի վրա:

Այստեղ ես, ամեն դեպքում, տարանջատում կդնեի. կա ԵԼ եզրափակիչն անցկացնել ցանկացող Բաքու և դա նորմալ և միանգամայն իրատեսական է, և կա Մխիթարյանի անվտանգության հետ կապված իրավիճակը»,- ասաց է Առուստամյանը: