Հիմա երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մաս․ ՀՀ նախագահը՝ «Xabar 24»-ին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը, որը մասնակցում էր ֆորումի աշխատանքներին,  հարցազրույց է տվել ղազախական «Xabar 24» հեռուստաընկերությանը։ Նախագահը խոսել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի հիմնադրման, նշանակության, մեդիադաշտի փոփոխությունների ու գլոբալիզացիայի մասին:

«Տարիներ առաջ, երբ Նազարբարևը մտադրություն էր հայտնել այսպիսի ֆորում կազմակերպելու, ես, ինչպես և ինչով կարողացա, օգտակար եղա՝ գաղափարներով, կապերով։ Խոսքը մոտ 19 տարի առաջվա մասին է:

Այս կարևորագույն ֆորումի կազմակերպմանը ես ինչ-որ կապ ունեցել եմ հաջորդ տարիներին էլ: Ֆորումն արդարացրել է իրեն, դրա համար էլ  արդեն 16-րդ անգամ է կազմակերպվում»:

Արմեն Սարգսյան նաև նշել է, որ իր՝ ֆորումից ունեցած սպասելիքներն արդարացել են։  Պետք է հասնել փոփոխվող աշխարհի հետևից, իսկ այսպիսի ֆորումները նպաստում են դրան:

«Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 18-19 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան: Հիմա, երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին: Ցանկացած մարդ, որը ունի սմարթֆոն, նա արդեն ինֆորմացիայի աղբյուր է»:

Նախագահը նաև նշել է, որ չի հավատում դեգլոբալիզացիային, քանի որ երիտասարդները գլոբալիզացիայի մի մասն են: 

«Տարիներ անց կլինի արհեստական ինտելեկտ, մեքենաները կհավաքեն ռոբոտները, իսկ մարդիկ զբաղված կլինեն դիզայներական, հետազոտական, փորձագիտական աշխատանքներով: Շատ մարդիկ պնդօղակներ պտտելու փոխարեն կստեղծագործեն: Աշխարհն ավելի արագ կփոխվի, քան քաղաքականությունը կփորձի հասնել իրեն: Այդ իսկ պատճառով ամենակարևոր խնդիրն արագությունը հասկանալն է ու հեռուն տեսնել կարողանալն է», -ասել է Արմեն Սարգսյանը։

Ավելի վաղ նույն հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյան։