Քոչարյանի գրասենյակը հաստատում է․ կալանքից հետո Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ 2-րդ նախագահին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

Ռոբերտ

Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, իսկ կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահին է այցելել նաև Սերժ Սարգսյանը։ «Sputnik Արմենիա»-ի  հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասել էր Սողոմոնյանը։

Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։

Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել ՀՀ երկրորդ նախագահի հետագա անելիքներին ու քաղաքական ծրագրերին վերաբերող հարցին` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանն ինքը հանդես կգա հայտարարությամբ։

«Չեմ կարող կոնկրետ ասել` ինչքան, բայց ոչ երկար ժամանակ հետո, կարծում եմ, ինքը հնարավորություն կունենա իր պլանների, ասելիքների, ծրագրերի մասին հայտարարելու` կա՛մ լրագրողների հետ շփվելու միջոցով, կա՛մ ելույթների, հրապարակումների միջոցով»,– ասել է Սողոմոնյանը։

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանն անդրադարձել է նաև մամուլը։ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե լուրեր կան՝ առաջին և երրորդ նախագահները  պարբերական հանդիպում են։

Ավելի վաղ 24News-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը բուժզննում է անցել  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

«Քանի որ վեց ամիս Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր կալանքի տակ,  հնարավորություն չուներ բուժզննում անցնելու։ Այսօր այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ այդ բացը լրացնելու»,- նշել էր Վիկտոր Սողոմոնյանը։

Դիտարկմանը, թե մամուլում հայտնվել են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Քոչարյանը ցանկանում է ստանալ համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնք նրան հնարավորություն կտան բուժման պատրվակով լքել Հայաստանը, Վիկտոր Սողոմոնյանը նշեց․ «Դա հերթական անհեթեթությունն է և ոչ մի կապ չունի իրականության հետ։ Քոչարյանը չի պատրաստվում լքել Հայաստանը»,- նշել էր Վիկտոր Սողոմոնյանը։