ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հետ մինչ այժմ կապ չի հաստատել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍ 25, 24News

.

Օրեր առաջ Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը՝ Մարգարիտա Գյուլումյանը, իր ֆեյսբուքյան էջում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին՝ մանրամասներ հաղորդելով տեղի ունեցած վթարից հետո Իտալիայում ՀՀ դեսպանատան աշխատանքի վրա՝ տեղեկացնելով, որ հիասթափված է օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունից:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պրն  Նիկոլ Փաշինյան, հարգելի պրն Զոհրաբ Մնացականյան, երկրի հանդեպ հեղինակությունը սկսվում է պետության սահմաններից դուրս օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների իրենց գործառույթների շրջանակում վարած քաղաքականությունից:

ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին գոյատևող վերը նշված կառույցների անգործությունն առաջինը ոչ միայն վնասում է տվյալ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացու շահերը, այլ նաև հիմք է ստեղծում ՀՀ հանդեպ որպես պետություն անլուրջ վերաբերմունքին:

Այն, որ Իտալիայում տեղի ունեցած ավտովթարի, ՀՀ քաղաքացիների իրավիճակի մասին օֆիցիալ տեղեկատվությունը հակասում է եղելությանը, դա հարցի մի կողմն է:

Հիվանդանոցի գլխավոր տնօրենի հետ մինչ այժմ միայն մեր երկրի պատկան մարմինն է, որ ոչ մի կապ չի հաստատել /արձանագրենք անցել է 3 օր/:

Լինելով ՀՀ քաղաքացի, օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունը պարարտ հող է ստեղծում մեծ հիասթափությամբ արձանագրելու, որ համարվում ենք մի երկրի քաղաքացի, որը դեմագոգիայից բացի ուրիշ այլ բանի ընդունակ չի:

Իսկ, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված *Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են* նորմերը լոկ գրված են թուղթ սևացնելու համար:

Հարգանքներս Իտալիայում գտնվող Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի հյուպատոսարանների ներկայացուցիչներին»: