Իրաքյան Քուրդիստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍ 25, 24News

.

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի քարտուղար, ազգությամբ թուրքմեն պատգամավոր Մունա Քահվեջիին արգելվել է մուտք գործել Թուրքիա: Ըստ պատգամավորի՝ պատճառն այն է, որ ինքն աջակցել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

«Հպարտանում եմ, որ թուրքմեն եմ և միևնույն ժամանակ հպարտ եմ, որ քուրդիստանցի եմ: Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում ես ներկայացնում եմ թուրքմեններին: Իմ մուտքն արգելվել է Թուրքիա այն հիմնավորմամբ, որ ես «Հանրաքվեի բարձրագույն խորհրդի» անդամ եմ եղել»,-ասել է Քահվեջին:

Պատգամավորը նշել է, որ երբ դիմել է վիզա ստանալու և Թուրքիա ճանապարհորդելու համար, մերժել են ու անձնագիրը առանց վիզայի կնիքի են վերադարձել իրեն: 

«Այս դեպքի առնչությամբ դիմեցինք համապատասխան հաստատություն՝ ճշտելու, թե ի՞նչ հիմնավորմամբ են մերժել մեր դիմումը: Ինձ պատասխանեցին, որ արգելվում է «ընտանիքով Թուրքիա մուտք գործել»:

Թուրքմեն պատգամավորի խոսքով` նման նախաձեռնություններն անհամատեղելի են ժողովրդավարության և համակեցության սկզբունքների հետ: