Միհրան Պողոսյանի կարգավիճակը դեռ հստակեցված չէ․ ՌԴ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Միհրան

ԴԱՀԿ նախկին պետի արտահանձնման հարցը դեռ հստակեցված չէ, նրա կարգավիճակը մնում է նույնը։ Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։

«Այս պահին ՌԴ գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններից ստացած նյութերի հիման վրա իրականացնում է արտահանձնման ստուգում»,- «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը։

Աղբյուր նաև հիշեցնում է, որ ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Միհրան Պողոսյանն իբրև թե քաղաքական ապաստան է ստացել ՌԴ-ից և չի արտահանձնվի։

«Интерфакс» գործակալությանը նշում է, որ Հայաստանի ՀՔԾ-ն մեղադրում է Միհրան Պողոսյանին խոշոր չափերի յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար, և որ նախկին պաշտոնյայի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն էին ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ապրիլի 22-ին նա հայտնաբերվել է Ռուսաստանում, իսկ ապրիլի 23-ին 40 օրով կալանավորվել է: