«Դա մեր պրոբլեմների սիմվոլն է»․ Երևան-Սևան ճանապարհի 2 արձանները կվերականգնվեն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 30, 24News

Նազենի

Երևան-Սևան միջպետական ճանապարհի երկու արձանների վերականգման համար գումար կհատկացվի մշակույթի նախարարությանը։ Որոշումը կայացրել է կառավարությունը։

Նախագծի զեկուցող մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը տեղեկացրել է, որ Կոտայքի մարզում գտնվող 2 հուշարձանների՝ «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» արձանների վերականգման նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության համար հարկավոր է 9 մլն 144 հազար դրամ:

«Արձանները տեղադրված էին Երևան-Սևան միջպետական ճանապարհին և այսօր գտնվում են աղետալի վիճակում: Ոչ միայն բնակլիմայական պայմաններն են ազդել, այլև ենթարկվել են կողոպուտի՝ այսինքն, մշակութային վանդալիզմի: Արձանների մեծ մասը կրկնակի գողացվել են: Այսօր այդ քանդակներն իսկապես կարիք ունեն նորոգման»,- ասել է Ղարիբյանը:

Վարչապետ Փաշինյանը սկզբունքային է համարում այս հուշարձանների վերականգնումը: Ըստ նրա՝ ՀՀ-ում պետք է վերականգնվեն այն կարևոր սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը:

«Ամեն անգամ, երբ անցնում եմ այդ ճանապարհը և Չարենցավանի բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, դա մեր պրոբլեմների սիմվոլն է, և մենք պետք է անպայման վերականգնենք: Այս նախագծերի շրջանակներում անպայման պետք է նախագծենք, որ այդտեղ պետք է ոստիկանական պահակետ լինի»,- հայտարարեց վարչապետը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս