Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն առաջիկայում․ ԵԱՀԿ խումբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

1

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը տարածաշրջանային այց էին կատարել մայիսի 27-30:

Համանախագահները մայիսի 27-ին հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մայիսի 30-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ 

Հայաստանի ու Ադրբեջանի մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:

Մայիսի 28-ին նրանք հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Համանախագահների տարածաշրջանային այցի հիմնական նպատակն էր գնահատել իրավիճակը շփման գծում և սահմանին։ 

Համանախագահներն առաջարկներ են ներկայացրել խնդրի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ 

Երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ընդունել են համանախագահների առաջարկն առաջիկայում հանդիպել նրանց հովանու ներքո։ 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խորն մտահոգությունն են հայտնել վերջին պատահարների ու զոհերի կապակցությամբ և կոչ արել կողմերին դրսևորել առավել զսպվածություն՝ լարվածությունից խուսափելու համար: