Շահագործման ենթարկված 18-ը չլրացած անձանց համար կսահմանվի միանվագ դրամական աջակցություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

1

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում նոր մեխանիզմներ ներդնելու օրենքի նախագիծը, որով նախատեսում է նաև շահագործման ենթարկված 18 տարին չլրացած անձանց համար սահմանել միանվագ դրամական աջակցություն: 

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ընդունվեց միաձայն:

Փոփոխությունները, մասնավորապես, կնպաստեն երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և կբարձրացնեն գործող համակարգի արդյունավետությունը: Նախատեսված է կարգավորում, որը հիմք է ստեղծում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման ընթացակարգի մշակման համար և պետական, տարածքային կառավարման մարմինների միջև հստակ համագործակցության շրջանակների ձևավորմանը: Նախագիծը կնպաստի նույնացման հանձնաժողովի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը, երեխայի կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը: Նաև կձևակերպի հատուկ կատեգորիայի զոհերի միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահագործման ենթարկված երեխաները մինչ 18 տարին լրանալը կարող են ստանալ միանվագ աջակցություն` 250 հազար դրամի չափով:

Նախագիծը նպատակ ունի վերացնել անճշտությունները, որոնք առաջացել են օրենքի կիրառման ընթացքում: