Ռուսական «Իյուլանսամբլ» թատերախումբն առաջին անգամ հանդես կգա երևանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

1

 Ռուսական «Իյուլանսամբլ» ինքնուրույն թատերախումբը «ՌՈՒՍԱԼ ՖեստիվԱԼ#Թատրոն» նախագծի շրջանակում  երկու ներկայացմամբ ներկայանալու է Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հունիսի 4-ին թատերասերները  Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կարող են դիտել «Անարդիական համերգ», իսկ հունիսի 5-ին` «Արդիական համերգ» ներկայացումները:

«Անարդիական համերգ»-ը ավագ սերնդի մարդկանց դիմանկարների պատկերաշար է, անցնող ժամանակն ամրագրելու փորձ, իսկ «Արդիական համերգ» ներկայացումը հանրահայտ երգերի երաժշտության ներքո պատմում է XX դարի մարդկության պատմությունը:

«Մենք պատահաբար չենք ընտրել այս երկու ներկայացումները. դրանք այն մասին են, ինչը մեզ այսօր պակասում է` հաղորդակցությունը, բաց լինելը, սերը: Եթե «Անարդիական համերգ»-ի հերոսները մեր երկրի տարբեր հատվածներում ապրող  տարեց մարդիկ են, որոնց երկխոսությունների վրա է հիմնված բեմադրությունը, ապա «Արդիական համերգ»-ը երիտասարդությանն է անդրադառնում: Այնտեղ չկա ոչ մի խոսք: Ներկայացումը հիմնված է 20-րդ դարի հիթերի վրա, որոնք մինչ օրս սիրված են ամբողջ աշխարհում: Ուզում ենք հասկանալ, թե ինչն է մարդուն կապում աշխարհի հետ, երբ նա երիտասարդ և որ  մարդկային արժեքներն են մեզ միավորում»,- հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Վ.Մեյերխոլդի անվան կենտրոնի ղեկավար, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովը, ում արվեստանոցում սովորել են «Իյուլանսամբլ» թատերախմբի ներկայացուցիչները:

Նա հավելեց, որ մեր օրերում թատրոնը հաղորդակցման հրաշալի  միջոց է դարձել:

Անդրադառնալով Երևան այցին` Ռիժակովը նշեց, որ հնարավորություն են ունեցել երեկոյան շրջել քաղաքում և դժվարությամբ են հավատում, որ տարբեր սերնդի ներկայացուցիչները` փոքրիկ երեխաները, երիտասարդները, տարեցները կարող են մինչև ուշ գիշեր  հանգիստ զբոսնել Երևանում և վայելել կյանքը:

Թատերախմբի՝ արմատներով հայ ներկայացուցիչ Ստեփան Ազարյանը, ով առաջին անգամ է Հայաստանում, ասաց, որ երջանիկ է այստեղ լինել: «Ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում»,-խոստովանեց նա:

«ՌՈՒՍԱԼ» ընկերության «ԱՐՄԵՆԱԼ» գործարանի անձնակազմի տնօրեն Սվետլանա Լեվեն անդրադարձավ նախագծին ու շեշտեց, որ այս  տարի թատերական փառատոնի շրջանակում ներկայացումներ են  ցուցադրվել Ռուսաստանի 11 քաղաքում:

«ՌՈՒՍԱԼ ՖեստիվԱԼ#Թատրոն»-ը սոցիալական նախագիծ է, որի նպատակն է մարզերում բարձրացնել  մշակութային կենսամակարդակը,  մեծացնել հանրության լայն շրջանակի հետաքրքրությունը մշակույթի և թատերական արվեստի հանդեպ»,-ասաց նա:

Փառատոնի ընթացքում ներկայացվում են ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիայի շրջանավարտների ստեղծագործական կոլեկտիվները ղեկավարող հայտնի ռեժիսորների բեմադրություններ:

Ներկայացումների տոմսերն անվճար են, տարածվում են մշակութային և կրթական հաստատություններում, թատերական միջավայրի ներկայացուցիչների շրջանակներում: