Երբ բախտի դար էր՝ բախտ չունեինք․ եկել է մտքի դարը և կասկած չկա, որ մենք ունենք միտք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 8, 24News

Հին հնդկական առակը հարց է դնում՝ ի՞նչն է ավելի շատ, քան աստղերը և բնականաբար պատասխանում է՝ մտքերն են ավելի շատ. այս մասին «Մտքերի գագաթաժողովին» իր ելույթի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում նկատի է առնվում, որ մեկ մարդու գլխում ծնված մտքերն ավելի շատ են, քան աստղերը և, ընդհանրապես, միտքն այն ամենակարևոր շրջադարձային երևույթն է, որը կերտել և ստեղծել է մեր իրականությունը: Ամբողջ քաղաքակրթությունն, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա և դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել է երկիր մոլորակի վրա՝ տիեզերական գործոնը և մարդկային միտքը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում:  «Այսօր տնտեսության շարժիչ ուժը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ և բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլևս չի բավարարվում ինքն իրենով և աշխարհում սկսվել է գլոբալ պրոցես արհեստական մտքի, ինտելեկտի զարգացման: Սա է, ըստ էության 21-րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց՝  նայելով վերջին 20-30 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության կառուցվածքը, կտեսնենք, որ ամենադրամատիկ և աչքի զարնող փոփոխությունը հենց այն է, որ տնտեսության մեջ առաջատար են դարձել այն ուժերը, որոնք առավելապես հիմնված են մարդկային մտքի, մարդկային տաղանդի և ինտելեկտի վրա:

Նրա խոսքով՝  հիմա ապրում ենք զարմանալի մի ժամանակաշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն երկիր մոլորակի, այլ նաև սկսել է  փոփոխություններ կատարել այլ մոլորակներում: Վարչապետի կարծիքով՝ որևէ կասկած չկա, որ այս միտումը շարունակվելու և ավելանալու է հենց արհեստական ինտելեկտի զարգացմանը զուգընթաց:

«Ինչպես սիրում են տնտեսագետներն ասել՝ այլ հավասար պայմաններում հաջողակ են առավելապես այն գործարարները, որոնց մեջ ներառված մտքի չափաբաժինը առանձնահատուկ է»,- նշեց նա:

Ըստ նրա՝ այս մտածումը բնորոշում է այսօրվա Հայաստանը. «Որովհետև 21-րդ դարն իսկապես մտքի դար է. մտքի հաղթանակի, մտքի զարգացման դար է, այս է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաև Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացու հայ ժողովրդի դարն է:

Մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես մի փառավոր վերածնունդ, որովհետև երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք և ահա եկել է մտքի դարը և որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք և մեր հիմնական անելիքն, ըստ էության, բնորոշված է: Մենք պետք է  զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը զարգանա, միտքը ինքնադրսևորվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա»,- նշեց նա և հավելեց, որ սա է պատճառը, որ ասում են՝  իրենց խնդիրն է ՀՀ-ն դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, մտքի համար:

Վարչապետը շեշտեց՝ հավատում են, որ յուրաքանչյուր մարդ բացառիկ է, տաղանդավոր է և իրենց խնդիրն է  ահա ստեղծել միջավայր, որտեղ մարդու տաղանդն աճի, զարգանա, ստեղծի ինտելեկտ, արհեստական ինտելեկտ և այդ արհեստական ինտելեկտը ծառայեցնի մտքին, մարդկային արժեքներին հոգևոր արժեքներին, բարոյական արժեքներին, համընդհանուր կայունությանը, խաղաղությանը և բարեկեցությանը:

«Այնպես, որ շատ պատեհ է, որ հենց հիմա հենց այսօր մտքի գագաթնաժողովը անց է կացվում ՀՀ-ում»,- եզրափակեց վարչապետը: