Կկայանան Դինքի սպանության գործով հերթական դատական նիստերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1

 «Ակօս» պարբերականի հիմնադիր, խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստերը տեղի կունենան հունիսի 11, 12 և 13-ին:

«Ակօս»-ի փոխանցմամբ՝ եռօրյա դատական նստաշրջանի ընթացքում որպես վկա հարցաքննվելու են այն ժամանակ Ստամբուլի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Մուամմեր Գյուլերը և Ազգային հետախուզության ծառայության շրջանային աշխատակիցները: Նրանց հարցաքննելու որոշումը կայացվել էր մարտի 14-ին՝ այս գործով վերջին դատական նիստի ժամանակ։

Նախկին նահանգապետից բացի, վկայի կարգավիճակով հարցաքննվելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ 2004 թվականի փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ հանդիպած Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ:

Տարիներ շարունակ Դինքի սպանության դատական գործին հետևող «Հրանտի ընկերներ» նախաձեռնողական խումբը հունիսի 11-ին նախատեսված դատական նիստից առաջ հավաքվելու է Ստամբուլի Չաղլայան դատարանի առաջ՝ կրկին բարձրացնելու արդարության պահանջը: