Երբ հարվածելու փոխարեն մարմինդ ես շարժում

opera
«Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն». Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»...

Քոչարյանի կարգավիճակի փոփոխությունը և հետագա ընթացքը ցույց տվեց, որ Փաշինյանի թիկունքը մեկ տարի անց ոչ միայն բաց է, այլև իր իշխանությունը` մերկ, իսկ մեկ տարվա աշխատանքը` ոչ պրոդուկտիվ: Վարչապետի առջև չկան վահաններ, որոնք կփակեն դեպի իրեն գնացող թունավոր, ծանր կամ թեթև նետերը,  և Նիկոլը չունի նիզակակիրների ու սուսերասերների լեգիոններ,  ովքեր ախոյաններին ոչ միայն կոչնչացնեն` գոնե նախահարձակ հոտառություն ունենան: Հանած Քոչարյան Անդրանիկին,  ում էներգիան, վճռականությունը և խորաթափանցությունը կշռելի մեծ է, ռազմավարական մտածելակերպը պակասում է իշխանության մեջ: Եվ իրավիճակը բուսնում է այսպիսին, քանի որ պառկեցնելու, ասֆալտին փռելու, պատերով զարկելու «քաղցրահնչյուն» կոչերը մնացին անկատար: Փաշինյանի մոտեցումը հասկանալի և բարոյական է. չանել այն ինչ արել են իր հետ, չգործել այնպես, ինչպես նրանք` ում դեմ միշտ պայքարել է ինքը, չանցնել գծերը` թեկուզ հանուն արդարության օրենքը խախտելով: Սա խոսում է, որ Նիկոլը սադիստ չէ և ունի սկզբունքներ: Սակայն վտանգավոր է, քանի որ կարող է բերել հերթական հայկական բարոյական հաղթանակին այսինքն` կոտրած տաշտակին, բորենիների խրախճանքին: Մինչդեռ հակառակ ուժն ու իր ձգվող, ձևավորվող արբանյակները հասկանում, ընդունում ու կիրառում են միայն ուժի լեզուն: Այնտեղ գլխավորները չարամիտ են ու խելացի, ներքեւինները` ագրեսիվ ու արյան ծարավ (օրինակ. Շերխան ու կողքի շակալը): Իսկ խիղճն հասկանալի ու ընդունելի է, երբ որ առյուծը կարող է կուրծքդ պատռել ու սիրդտ ճզմել, երբ վիշապը` մի հարվածով, կարող է գլուխդ պոկել կամ շնաձուկը` կուլ տալ, աղալ և առաջանալ, բայց չեն անում: Այսինքն ուժ ունես: Հակառակը խղճի կամ խոնարհության դրսևորում չէ, հակառակը` խեղճություն է: Նիկոլը պիտի որ մոռացած չլինի Վանոյի «Հատակին պառկածների դավադրությունը» հոդվածը և լավ հիշի Սիրադեղյանի այս միտքը. «Վազգեն Սարգսյանի կաբինետի դեպքը այն դեպքն էր, երբ պառլամենտական մեծամասնության թիկունքին բանակն էր կանգնած: Եւ Սահմանադրությունը չէր, որ աշխատում էր: Ինչպես Սահմանադրությունը չաշխատեց Հանրապետական միավորման մեծամասնության պայմաններում 1997-1998-ի հեղաշրջման ժամանակ, քանի որ բանակը հակառակ կողմում էր կանգնած, եւ պառլամենտական մեծամասնությունը մեկ օրում, առանց ընտրությունների, դարձավ փոքրամասնություն: Իսկ 1999- ից հետո զոհված վարչապետի մեծամասնությունը դարձավ չզոհված նախագահի մեծամասնությունը: («Վարչապետաց Վարչապետ» )» : 

Միջակությունները վախենում ու չեն ներում տաղանդավորներին, գիշատիչները արյունով են ապրում, և ժամանակը չի սպասում ոչ ոքի: Ու որպեսզի պետականությունը ոտնակոխ չլինի հեղափոխականների և նախկիների բախման տակ և արանքում արնաքամ չտուժի մարդը,  անհրաժեշտ է օր առաջ, օրակարգային օպոզիցիայի հաստատուն հայտնվելուն: Պետականամետ երրորդ ուժը պիտի թելադրող լինի քաղաքական կլիմայում: Մենք ունենք բոլոր արժեքները (Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցի, 1988թ. Շարժման հայ քաղաքական նոր միտք, Արցախյան պատերազմի հաղթանակ, պետական ու հասարակական հաջողություններ, պատմական պաշար և այլն) որոնց վրա կարող ենք հիմնվել, քարոզել ու հաստատել: Ինստիտուցիոնալիզացիան պարտադիր պահանջ է անցյալի, ներկայի ու սերունդների համար: Եվ, ի վերջո, պետք է ոչ թե համաշխարհային ազգ լինելու կատեգորիաներով ապրել , այլ բարձրացնել մեր համաշխարհային դիմադրողականությունն ու որակը: Հայկական պետությունը կարիք ունի իր «եսը դնելու» ուժեղ ու հզոր երկների ակումբում և հոգևոր, մշակութային ու գիտական արտադրության արտահանմամբ զբաղվելու: Իշխանության համար օգտակար կլինի, եթե անդրադառնան նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գաղափարներին, ծրագրերին, գիտելիքահեն մթնոլորտի ստեղծման մտքերին,  ով մի քանի օր առաջ պետերբուրգյան ֆորումում հայտարարեց որ կհաջողեն այն երկրները, որոնք շատ գիտելիք են ստեղծում: Խոսքս ավարտում եմ վարպետիս, ըստ Վիլյամ Սարոյանի` հայ մեծագույն գրող - մտածողի մտքով:

«Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա»,- Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան