Ոստիկանության աճպարարության վերջը պետք է տրվի․ Խաչատուրովի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Խաչատուրով

Ոստիկանությունն իրեն վերապահել է քրեական դատավարության օրենսգիրքը մեկնաբանելու գործառույթ, մինչդեռ դրա լիազորությունը չունի։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ արձագանքելով Խաչատուրովին ՀՀ տարածքից դուրս գալու արգելքի վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը։ 

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին հունիսի 8-ին արգելել են հատել հայ–վրացական սահմանը և դուրս գալ երկրից այն դեպքում, երբ առկա է եղել ենթադրյալ արգելքը վերացնելու վերաբերյալ դատարանի կարգադրությունը։ Այս առնչությամբ ոստիկանությունը պարազաբանում էր տարածել, որում նշել էր, թե ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն:

Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ ոստիկանությունը չունի այդպիսի գործառույթ, ավելին՝ ապօրինի կերպով պարտադրում է դատարանին որոշումներ կայացնել այն պարագայում, երբ դատարանն այդպիսի լիազորություն չունի։

«Քանի որ Խաչատուրովի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը որևէ կերպով չի սահմանում սահմանահատումների արգելք, որոշ պաշտոնատար անձինք սահմանափակել են Խաչատուրովի ելքը Հայաստանից»,- նշեց Միհրոն Պողոսյանը։

Պաշտպանը տեղեկացրեց, որ նախապես դիմել են  դատարան, հայտնել  Հայաստանի տարածքը կարճ ժամանակով լքելու ցանկության մասին, ինչի կապակցությամբ ստացել են դատարանի թույլտվությունը։

«Ավելին՝ դատարանն իր գրած թույլտվության մեջ կարգադրել է ոստիկանության սահմանահատումների  հսկողություն իրականացնող ստորաբաժանմանը սահմանահատումների արգելք կիրառված լինելու պարագայում վերացնել այդ արգելքը։ Յուրի Խաչատուրովն այդ  գրությունը ձեռքին փորձել է հատել Հայաստանի սահմանը, սակայն նրան թույլ չեն տվել»,- ասաց Խաչատուրովի պաշտպանը։

Անդրադառնալով ոստիկանության պարզաբանմանը, Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ եթե նույնիսկ ոստիկանության պարզաբանումն աղերս ունենար իրականության հետ, ապա  անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ սահմանահատումների արգելքը կիրառվել է առանց որոշման առկայության։ «Քրեական գործում այդպիսի փաստաթուղթ, քննիչի կողմից կայացված որոշումթ սահմանահատումները արգելքը կիրառելու մասին, բացակայում է։ Օրենքով նման լիազորություն քննիչը չունի։ Ուստի այս աճպարարության վերջը պետք է տրվի։ Պետք է հետաքննեն, բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք առնչություն են ունեցել Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակելու մեջ, պետք է պարզաբանում ներկայացնեն»,- նշեց Խաչատուրովի պաշտպանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Խաչատուրովի՝ ծննդավայր մեկնելու անհրաժեշտությունը դեռ չի վերացել ու առաջիկայում իրենք կրկին դիմելու են՝ սահմանը հատելու համար։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news