Ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվատ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Քիչ առաջ ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր նախաձեռնողներից Լիլիթ Թումանյանը։

«6 ոստիկան, երեք քաղաքացիական անձինք առանց մուտքի թույլտվություն  ունենալու ներխուժել են գրասենյակ, ձեռնաշղթայել Արթուր Դանիելյանին, բերման ենթարկել անձի նկատմամբ սպառնալիք հնչեցնելու համար»,- ասաց Լիլիթ Թումանյանը։ Ըստ նրա՝ երեկ՝ հունիսի 9-ին հրավիրած ասուլիսի ընթացքում  Արթուր Դանիելյանը բառացի վերարտադրել է այն բառակապակցությունը, որն օգտագործել է ակտիվիստ Ջիվան Ավետիսյանը Ազատության հրապարակում Բակո Սահակյանի հասցեին։

«Ջիվան Ավետիսյանն ասել է քարով գլուխը ջարդել կտանք։ Արթուր Դանիելյանը մեջբերել է այդ օրինակը և ասել, որ եթե իրավապահ համակարգը չի աշխատում և օրենքի ուժով չի պատժվում նման հայտարարություն անողը, ապա վաղը ինքը կարող է նման հայտարարություն անել և օրինակ կոչ անել Նիկոլ Փաշինյանի գլուխը ջարդել քարով։ Դա բերվել է որպես համեմատություն։ Մինչդեռ Դանիելյանի այս համեմատությունը  օգտագործվել է որպես անձի առողջության և կյանքի նկատմամբ սպառնալիք։ Սակայն ակնհայտ է, որ օրենքները կիրառվում են երկակի ստանդարտներով ու կամընտրովի, քանի որ հասկանալի չէ՝ ինչու նույն կոչի, արտահայտության համար ձեռնաշղթաներով բերման չի ենթարկվել Ջիվան Ավետիսյանը, իսկ Արթուր Դանիելյանը ձեռնաշղթաներով տարվում է Կենտրոն ոստիկանության բաժին»,- նշեց Լիլիթ Թումանյանը։

Ըստ նրա՝ այս պահին ոստիկանության շենքի մոտ են հավաքվել «Ադեկվադ»-ի աջակիցներն ու համակիրրները։ Այնտեղ է նաև Ռուբեն Մելիքյանը, որը փաստաբանական գործունեություն է իրականցնում։ Լիլիթ Թումանյանը տեղեկացրեց, որ ավելի ուշ կհրավիրեն մամուլի ասուլիս և կներկայացնեն մանրամասներ։