Ստացել եմ 860 հազ դրամ պարգևավճար, իսկ գլխավոր մասնագետներն ավելի շատ․ Յոլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի պարգևատրման գումարի չափը 2018թ.-ին կազմել է մաքուր 860 հազար դրամ, այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ տեղեկացրեց Յոլյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվում էր Հաշվեքննիչ պալատում պարգևատրումների չափի մասին:

«Շատ գլխավոր մասնագետներ ինձանից շատ են վարձատրվել: Ինձ էլ հաճախ ասում են՝ ստացվում է՝ դուք էլ վատ եք աշխատել, բայց ես գտնում եմ, որ ես ունեմ ինչ-որ չափով բարձր աշխատավարձ և պետք է խրախուսել գլխավոր մասնագետներին: Ընդ որում՝ խրախուսել ըստ ստեղծած արդյունքի», - ասաց Յոլյանը:

Ներկայացնելով պարգևատրման արժանանալու կարգը, նա ասաց, որ յուրաքանչյուր վարչության պետ ներկայացնում է ցուցակ, թե ով ինչ մասնակցություն է ունեցել հաշվեքննության արդյունքներով հաշվետվության ստեղծմանը, որից հետո Հաշվեքննիչ պալատի նախագահն իր լիազորությունների շրջանակում որոշում է կայացնում:

Յոլյանը նկատեց, որ մինչև 2017 թվականը հատուկ քաղաքականություն չի եղել: