«Հայբիզնեսբանկ»-ի վրա զինված հարձակում կատարողը «Երևան-Տրանս» ՓԲԸ-ի աշխատակիցն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Ադամյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բննակիչ՝ 46-ամյա Վազրիկ Միքայելյանը։

Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակում կատարելու համար, ով երեկ՝ հունիսի 10-ին, ժամը 16։45-ի սահմաններում որսորդական հրացանով զինված սպառնալիքներ տալով մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որտեղ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը, վտանգելով իր կյանքը, բանկի աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ վնասազերծել էին զինված քաղաքացուն, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։

Բարեբախտաբար, տուժաներ չեն եղել, կրակոցի արդյունքում վնասվել էր բանկի գրասենյակի առաստաղը։

Արդեն ժամանած ոստիկանները Վ. Միքայելյանին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Միքայելյանն աշխատում է «Երևան-Տրանս» Փակ Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել  էր աղբյուրը, երեկ՝ հունիսի 10-ին, զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 17:30-ի սահմաններում զինված անձը ներս էր մտել Նոր Նորք վարչական շրջանի «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որը գտնվում է Թոթովենցի 4-րդ նրբանցքում և ներսում փորձել էր ինչ-որ գործողություններ կատարել:

Բանկի ներսում ծառայություն կատարող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը՝ մոտենալով զինված տղամարդուն, փորձել էր կանխել նրա տեղաշարժը բանկում: Զինված տղամարդը հարձակվել էր ոստիկանության ծառայողի վրա, տեղի էր ունեցել քաշքշուկ, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց: 

Այնուամենայնիվ, ոստիկանության ծառայողին, բանկի աշխատակիցներին ու մի քանի քաղաքացիների հաջողվել էր վնասազերծել զինված տղամարդուն, ով, զենքով հանդերձ ոստիկանության պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ուղեկցությամբ բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: 

Զինված հանցագործին վնասազերծած ոստիկանության ծառայող Հայկազ Մայիլյանն է։