Վերաքննիչ դատարանում քննվում է Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դռնբաց դատական կարգով շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դատական նիստին։ Պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մատիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2-ի որոշումը։ 

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում էլ նախատեսված է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից հունիսի 6-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում,  ծայրահեղ ծանր վիճակում նրան տեղափոխել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։